«Ագարակ» պատմամշակութային արգելոց

«Ագարակ» պատմամշակութային արգելոցը գտնվում է Արագածոտնի մարզի Ագարակավան և Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում, Երևան-Աշտարակ-Գյումրի մայրուղու երկու կողմերում, Ամբերդ գետի աջ ափին, հրաբխային տուֆե ելուստներից կազմված ժայռոտ հրվանդանի վրա: Հուշարձանի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր ու քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ: Առկա են ժայռափոր խորշեր, դեպի այդ խորշերը տանող աստիճանահարթակներ և այլ նշանակության կերտվածքներ: Բոլոր այդ կերտվածքների, ինչպես նաև շրջանաձև, պայտաձև, մեանդրաձև փորվածքների, այդ փորվածքները միմյանց կապող առվակների կամ եռագագաթ, սեղանաձև զոհարանների շնորհիվ բնական լանդշաֆթը վերածվել է հսկա կոթողի: 200 հա տարածք զբաղեցնող ծիսական լանդշաֆտի նմանատիպ օրինակ, մինչև Ագարակի պեղումները հայկական լեռնաշխարհում փաստագրված չէր: Հիշյալ հուշարձաններն ուսումնասիրող հնագետների միահամուռ կարծիքով նման կերտվածքներով հագեցած ժայռահարթակները ծիսապաշտամունքային կառույցներ են: Ընդ որում դրանց մի մասը համարվում է խեթական, մի զգալի մասն էլ` փռյուգիական` շաղկապվելով հատկապես աստվածների մեծ մայր, լեռների, անտառների և կենդանիների կառավարիչ և պտղաբերությունը հովանավորող Կիբելա աստվածուհու պաշտամունքի հետ: Նկատի ունենալով «Ագարակ» բնակատեղի-հնավայրի հուշարձանի բացառիկ դերն ու նշանակությունը Հայաստանի վաղագույն շրջանի սոցիալ-մշակութային խնդիրների ուսումնասիրության գործում, ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 29-ի N 1305 որոշմամբ «Ագարակ» հնավայրին տրվել է արգելոց-թանգարանի կարգավիճակ: 2016 թվականի նոյեմբերի 24-ի № 1204-Ն որոշմամբ «Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 118,2 հեկտար, փոխադրվել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության (այժմ՝ ԿԳՄՍ նախարարության) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: Պատմամշակութային արգելոցի աշխատանքային օրեր` չորեքշաբթի-կիրակի (09:00-18:00)։

Researcher

 

Share your stories about this location
Add your story