Մենք ապրում էինք բարձրահարկ շենքի իններորդ հարկում։ Շենքն ասես աշտարակ լիներ, որտեղից տեսադաշտն ազատ էր, ու երևում էր գրեթե ամբողջ քաղաքը, բայց ամենագլխավորը՝ երևում էր Մասիսն իր ամբողջ վեհությամբ։ Ինձ թվում է, այս բնակարանը ստանալիս հենց միայն դա էր գրավել հորս։ Ես ու եղբայրս շուտով դպրոց գնացինք և հաճախ էինք տնային աշխատանքները կատարելիս թնկթնկում։ Ոչ մի միտք չէր գալիս գլուխներս, երբ պիտի հայոց լեզվի դասի համար նախադասություններ կազմեինք։ Հայրս բացում էր պատշգամբի դուռն ու դուրս էր կանչում մեզ։ «Աջուձախ նայե՛ք, տեսե՛ք ինչքան նախադասություններ կան ձեր շուրջը»։ Իր համար նախադասություններն ամենուր էին։ Մենք դժվարությամբ փորձում էինք պարզ կամ ընդարձակ նախադասություններ գրառել մեր առջև բացվող տեսարաններից, մինչդեռ նա ամեն օր կարող էր երկար կանգնել ու հիանալ Արարատով։ Ամեն օր՝ յուրովի գեղեցիկ, ամեն եղանակի՝ անսահման գերող։ Թե՛ արևածագին, թե՛ մայրամուտին։ Բախտը բերել է իմ՝ արթնանալ այս ժամին ու հավաստել սարին մեր մշտագո ներկան։ Նայում էր նրան անհագ, ինչպես՝ հարազատին, պապին՝ որ չէր ունեցել, հորը, որին կորցրել էր վաղ տարիքում, անդավաճան ոգեղեն հենարանին, որ միշտ ուժ է տալիս ու ոգեշնչում։ Ուրախանում էր հանկարծ քաղաքի տարբեր կետերից լեռը տեսնելիս։ Երևանում փողոց չկա, որ գործունյա ու հոգսաշատ, ամբողջ օրվա ընթացքի մեջ գոնե մի պահ չբարձրացնի գլուխը իր ու չնայի Արարատին… Էլ չեմ ասում նրանց մասին, Որ սկսվում Արարատով Կամ ավարտվում են նրանով… Կարծես Արարատն իրոք սիրել ու գնահատել էր տալիս իրեն շրջապատող ամեն ինչ։ Կարծես լեռան հետ մշտական հարց ու պատասխանի մեջ լիներ։ Կարծես այն կրում էր թե՛ մեր գոյության առեղծվածը և թե՛բանալին։ Հորիզոնը կաղքատանար, Ընթացքը մեր կմոլորվեր, Եթե չիջներ երկինքն ի վար Մեր էության տեսիլքը լեռ։ Այդպես հավաքվեցին Արարատին նվիրված բանաստեղծությունները, որ մի օր հայտնվեցին «Արարատն իմ պատուհանից» գրքույկի տեսքով։ ԱՐԱՐԱՏԻՆ Ժամանակը այստեղ ներկա է միայն, Չկա գալիք ու չի եղել անցյալ, Ու բիբլիական այս լեռան դիմաց Նույն համազմունքն է հոլովվում դարձյալ. Ո չ ի ն չ մ ե զ ա յ ն ք ա ն չ ի հ ա մ ա խ մ բ ու մ, Ո ր ք ա ն մ ե ր լ ե ռ ա ն ա ն ու ն ը պ ա յ ծ ա ռ։ Պատմեց Աշխենը՝ Յուրի Սահակյանի դուստրը