Փառիսոսի բերդ

Փառիսոս (նաև՝ Փառնես) միջնադարյան հայկական բերդամրոցը գտնվում է Մեծ Հայքի Արցախ աշխարհի Փառիսոս (Քուստի-Փառնես) գավառում։ Ներկայումս գտնվում է Ադրբեջանի հանրապետության Գետաբեկի շրջանի Կալաքենդ գյուղի հյուսիսային մասում, գետի ձախափնյա ժայռոտ լեռնագագաթի վրա։ Փառիսոսի բերդը կառուցվել է 9-10-րդ դարերում։ Շրջապատի նկատմամբ Փառիսոսի բերդը ունի իշխող դիրք։ Հարավից լեռնագագաթը վիմահերձ է և բնական անառիկություն է հաղորդում ռազմական կառույցին։ Մյուս կողմերն ամրացված են բրգաշատ պարիսպներով, որոնք կառուցված են անմշակ կրաշաղախով (հյուսիսային և արևմտյան կողմերում կրկնաշարք են) կամ կոպտատաշ քարով։ Պարիսպների հաստությունը կազմում է 2,5 մետր, իսկ պահպանված բարձրությունը՝ 8-9 մետր։ Կիսաբոլորակ աշտարակների թիվն անցնում է մեկ տասնյակից։ Բերդի մուտքն արևելյան կողմից է։ Պարսպապատ տարածքում պահպանվել են տարբեր չափի բազմաթիվ շինությունների հետքեր, կիսավեր մատուռ, իսկ հյուսիսային պարսպապատին կից կան ընդհանուր մուտքով միմյանց հետ հաղորդակցվող թաղակապ 2 սենյակներ, որոնցից մեկը ծառայել է իբրև ջրամբար։ 10-րդ դարում Սահակ Սևադան այն դարձնում է իր իշխանանիստը, ապա Փառիսոս գավառին միացնում Ուտիքի Գարդման և Ձորագետ գավառները և ստեղծում հզոր իշխանություն։ Սևադայի որդին ժառանգություն ստանալով Փառիսոսը, 958 թվականին հիմնադրում է Փառիսոսի թագավորությունը, որը ճանաչում են Ատրպատականի պարսիկ էմիրը և բյուզանդական կայսեր ներկայացուցիչ Դավիթ Մագիստրոսը։ Վերջինս, ըստ Մովսես Կաղանկատվացու, Սենեքերիմին ուղարկել է «թագ և արքայական ծիրանի»։ Բագրատունյաց թագավորները հավանաբար չեն ընդունել Փառիսոսի թագավորության գոյությունը։ Այդ մասին է վկայում Ամենայն Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացու դեպի Արցախ կատարած այցելությունը, որի նպատակն էր մեղմել անջատողական ձգտումները։ 10-րդ դարի վերջում՝ Սենեքերիմը իր եղբոր՝ Խաչենի տիրակալ Գրիգորի հետ գոյության պայքար է մղել Գանձակի Փադլուն ամիրայի դեմ։ Սենեքերիմի մահվանից հետո (1003) գահը ժառանգել է նրա եղբորորդին՝ Փիլիպպեն, որի կառավարման ժամանակ թագավորությունը միացվել է հայոց միասնական պետությանը։ Աղբյուրներ՝ 1․ Հայկական սովտական հանրագիտարան 2․ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ․ 5, էջ 239։ 3․ «Հյուսիսային Արցախ», Սամվել Կարապետյան, Երևան, 2004, էջ 127

Researcher

 

Share your stories about this location
Add your story