Փիրումաշենի եկեղեցի

Փիրումաշենի եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող կրոնական կառույց Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի մոտ, նրանից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Եկեղեցու պատմական անունը հայտնի չէ։ Գտնվելով Փիրումաշեն կոչվող տեղամասում՝ այն սկսել է կոչվել այդ անունով։ Այդ տեղամասում ժամանակին եղել է գյուղ, որն ամայացել է թյուրքական արշավանքների պատճառով։ Ըստ որոշ հիշատակումների՝ եկեղեցին կառուցվել է արդեն գոյություն չունեցող Փիրումաշեն գյուղի հիմնադրումից մոտ 2 դար հետո։ Համաձայն Նիկողայոս Քևխոյանի՝ այն կառուցվել է 1554 թվականին, սակայն քանի որ եկեղեցու որմերին կառուցման թվականը պարունակող արձանագրություն չկա, որոշ ուսումնասիրողների կողմից այն կասկածելի է որակվել։ Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում այն թվագրվում է 12-13-րդ դարերով։ Շինարարական արձանագրությունների բացակայության պայմաններում տեղում կատարված ուսումնասիրությունները ու վերլուծությունները որոշ տեղեկություններ են տալիս եկեղեցու կառուցման ժամանակի մասին։ Ըստ այդ ուսումնասիրության՝ քանի որ եկեղեցու պատի մեջ են տեղադրված 1600-ական թվականներին թվագրվող խաչքարեր, որոնք նախկինում տեղադրված են եղել որպես գերեզմանաքարեր, ապա եկեղեցին ներկա տեսքով կառուցվել է նշված թվականից հետո։ Խորհրդային Միության իշխանության տարիներին, երբ նախկին Փիրումաշեն գյուղի տարածքը մտնում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ, տեղանքը վերածվել է կաթի արտադրության ֆերմայի, իսկ եկեղեցին՝ պահեստի։ Այդ տարիներին եկեղեցու արևմտյան ճակատին փոքր արտադրամասի համար կառուցվել է կիսածածկ, որի գերանները տեղադրվել են եկեղեցու պատին բացված անցքերի մեջ։ Խորհրդային տարիներին եկեղեցու կիսաքանդ պատերը մասամբ վերանորոգվել են, իսկ տանիքը ծածկվել ազբոշիֆերով։ Մինչև Արցախի Հանրապետության անկախությունը եկեղեցին գրեթե կիսաքանդ և ավերված վիճակում էր։ ԽՍՀՄ փլուզումից և Արցախյան ազատամարտից հետո եկեղեցին դադարել է ծառայել որպես պահեստ։ 1990-ական թվականներին եկեղեցու ներսը և հարակից տարածքը մաքրվել են կուտակված հողից և աղբից։ Եկեղեցու վերակառուցման նպատակով 2010 թվականին Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պատվերով Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը պատրաստել է եկեղեցու վերականգնման նախագիծ։ Արդեն 2014 թվականին եկեղեցու հիմնովին վերակառուցման աշխատանքներն ավարտվել են։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում չի վնասվել: Պահանջվում է հատուկ հսկողություն, քանի որ կից մայրուղին օգտագործվում է նաև Շուշի գնացող ադրբեջանական շարասյունների կողմից: Աղբյուրներ՝ 1․ «Վարձք» պարբերական, թիվ 14, էջ 10-17։ 2․ «ԼՂՀ պատմաճարտարապետական հուշարձանները», Շ․Մկրտչյան, Երևան, 1985։ 3. Արցախեցի, Սարուշէն գիւղը, «Արաքս», 1893, գիրք Ա, էջ 44։ 4․ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ.,&nbsp;Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն»: 5․<a href="https://monumentwatch.org/hy/monitoring_watch/%D6%83%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB-2/">Փիրումաշենի եկեղեցի</a>,&nbsp;«monumentwatch.org» հարթակ։ Լուսանկարները վերցված են՝ «monumentwatch.org» հարթակից։

Researcher

 

Share your stories about this location
Add your story