Պատմական Հայաստանի Նախիջևանի Գավառները ԳՈՂԹՆ ԳԱՎԱՌ

Գեղեցիկ և բարեբեր է հին Հայաստանի Գողթն գավառը։ Իր գրաված տարածքով, պատմական անցյալով ու մշակույթով այն էական դեր է խաղացել հայ ժողովրդի պատմական անցայլում՝ մինչև XX դ. սկզբները։ Այստեղ ավանդաբար հարգի են եղել հայ երգն ու արվեստը, գիրն ու գրականությունը։ Հայ ժողովրդի վիպասանական երգերի ու առասպելների մասին խոսելիս՝ պատմահայր Մովսես Խորենացին վկայում է, որ դրանք «ախորժելով պահել են գինեվետ Գողթն գավառի կողմի մարդիկ»/Մ. Խորենացի, Պատմություն Հայոց, թարգմանությունը և ծանոթագրությունները ակադեմիկոս Ստ. Մալխասյանցի, Եր., 1968, էջ 118/։ Գողթն տեղանվանումը, ըստ լեզվաբան Է. Աղայանի ստուգաբանության, կապվում է հնդեվրոպական gal, ghel արմատի հետ, որը նախապես նշանակել է «կոչել, կանչել, գոչել»/Է. Աղայան, «Գողթն-Գողթան տեղանունը»/«Լրաբեր հասարակական գիտություննե- րի», 1957, N 12, էջ 51—52/։ Ըստ դրա, կարելի է ենթադրել, որ Գողթն անվանումը հնում նշանակել է պատմություն, երգ, վիպասանություն։ Հայ պատմագրության մեջ Գողթն գավառը միշտ ունեցել է իր պատվավոր տեղը։ Նրա մասին մի շարք հավաստի տվյալներ են հաղորդել նաև օտար աղբյուրները։ Հույն աշխարհագրագետ Պտղոմեոսի երկում այն հիշատակված է Colten: Ըստ մատենագիր Կորյունի, Մեսրոպ Մաշտոցը որոշ ժամանակ բնակվել է այս գավառում, որը նրա ամենասիրելի գավառներից մեկն է եղել։ Հենց այս գավառում է, որ հայոց գրերի ստեղծման համար Մաշտոցը «տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած»/Կորյուն, Վարք Մաշտոցի, աշխարհաբար թարգմանությունը, ներածական ուսումնասիրությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով՝ Մ. Աբեղյանի, Եր., 1962, էջ 98/։ Եվ նախքան գրերի ստեղծումը իր աշակերտների հետ Մաշտոցը մեկնել էր Գողթն, որի «առաջ դուրս եկավ Գողթնի իշխանը... որի անունը Շաբաթ էր և հյուրամեծար ասպնջական հանդիսանալով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր (նրան)... Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց (քարոզել) գավառում»։ Հայկական գրերի ստեղծումից հետո էլ Գողթնը ամենաառաջիններից մեկն էր, ուր Մաշտոցը բացեց առաջին դպրոցները և «այստեղ՝ բարեպաշտ Շաբաթի ընկերությամբ գավառը լիացրեց Քրիստոսի ավետարանի ողջույնով, և գավառի բոլոր գյուղերում կարգեց սուրբ վանականների դասեր»։ Պատմահայր Մ. Խորենացու վկայությամբ Գողթնում հնուց ի վեր իշխում էին գողթնեցիները, որոնք «... Սիսական հատվածն են կազմում, բայց չգիտեմ, արդյոք գավառնե՞րն են կոչվել մարդկանց անունով, թէ գավառների անունով կոչված են նախարարությունները»։ Այս նույնը պնդում է նաև XIII դարի պատմիչ Ստ. Օրբելյանը։ Գողթնի իշխանական նախարարությունը, որպես հին Հայաստանի անբաժանելի մի մաս, Հայաստանի ավագ նախարարական տների հետ միասին «Գողթան տէր» անվանակոչմամբ դասված է V դարում կազմված «Գահնամակում» ԺԶ (16) համարի տակ և «Զորանամակի» տվյալներով, արքունի զորաբաժնին տալիս էր Շ (500) ձիավոր։ VII դարի «Աշխարհացոյցի» հաղորդած տեղեկություններով Գողթանը Վասպուրականի 33-րդ գավառն էր, որն Արծրունիների տիրապետության տակ էր անցել հավանաբար V դարի կեսերից։ Թ. Արծրունու տեղեկություններով Գողթնը Վասպու րականի կազմում եղել է մինչև 737 թ., գրելով. «... իսկ Գողթն գաւառ (հանեալ էր) ի ժամանակի կատարման սրբոյն Վահանայ, յամի ՃՁԶ (737) թուականութեանց, որում ամի կատարեցաւ սուրբն Վահան, որ էր որդի Խոսրովայ Գողթան տեառն»։ Գողթն գավառն, որն իր մեջ հնում ընդգրկել է նաև Սյունաց Արևիք գավառը (այժմյան ՀՍՍՀ Մեղրու շրջան) VIII դարի կեսերից հետո փաստորեն գտնվել է Սյունիքի կազմի մեջ։ Իսկ X դարում ընկել է արաբների, XI դարի կեսերից սելջուկների և ապա մոնղոլների իշխանությունների տակ։ XVI—XVII դարերում այն մեկ գտնվել է Սեֆյան Պարսկաստանի, մեկ՝ Թուրքիայի տիրապետության տակ։ XVIII դարում ծավալված ազգային-ազատագրական շարժմանը մասնակցություն ցուցաբերած Գողթնը հետագայում, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի դաշնագրով, որպես Արևելյան Հայաստանի անբաժան մաս, Նախիջևանի մյուս գավառների հետ միասին միացվել է Ռուսաստանին՝ նախապես գտնվելով Հայկական մարզի և ապա Երևանի նահանգի կազմի մեջ։ Գողթնը, որի տարածքը ընդգրկում է հիմնականում այժմյան Օրդուբադի շրջանը, տարածված է Նախիջևանի հարավարևելյան մասում, Արաքս գետի ձախ ափին։ Ըստ պատմական աղբյուրների՝ այս գավառի ազգաբնակչությունը հնուց ի վեր զբաղվել է խաղողագործությամբ, այգեգործությամբ և բազմազան արհեստներով։ Հայոց պատմության մեջ Գողթնը հռչակված է եղել որպես «գինևէտ» գավառ, որի խաղողն ու նուռը, դեղձն ու ընկույզը, թութը և այլ մրգերը ունեցել են մեծ ճանաչում։ Այս վաղեմի գավառի գեղեցիկ բնաշխարհի անբաժան մասն են կազմում նաև նրա պատմաճարտարապետական հուշարձաններն ու վաղ շրջանի բնակատեղիները, գյուղաքաղաքներն ու ավանները, որոնք հիմնված են Ագուլիսի, Որդուարի, Տրունյաց կամ Վանանդի, Ցղնայի, Գիլան կամ Բիստի ձորերն ի վեր, երբեմնի շեն ու հզոր բնակավայրերում և նրանց շուրջը։

Contributor

 

More stories about this location