Վահրամ Պահլավունու գերեզման
Built1045

Վահրամ Պահլավունի (965 - 1045, Դվին, Դվինի ամիրայություն), հայ ռազմական և պետական գործիչ, զորավար, անթիպատ պատրիկ, Իշխանաց իշխան (982-1021), Հայոց սպարապետ (1021-1045)։ Գրիգոր Համզայի և Շուշանի որդին, Գրիգոր Մագիստրոսի հորեղբայրը, Պահլավունիների իշխանական տոհմից։ Կառուցել է նշանավոր Մարմաշենի վանքային համալիրը և Ամբերդի Վահրամաշեն եկեղեցին։ Հովհաննես-Սմբատ և Աշոտ Դ արքաների մահից հետո ղեկավարել է պայքարը Անին ուժով գրավել ցանկացող բյուզանդական բանակների դեմ, կազմակերպել է Աշոտի որդի Գագիկ Բ-ին Բագրատունյաց գահի վրա հաստատելը, դեմ է եղել երիտասարդ արքայի Բյուզանդիա մեկնելուն։ Անին Բյուզանդիայի կողմից նվաճվելուց հետո (1045) ութսունամյա զորավարը զենքը ձեռքին դարձյալ կռվել է հայրենի երկիրը ավերող մի այլ թշնամու՝ Դվինի էմիր Աբու-լ-Ասվարի դեմ։ Հենց այդ մարտում սպանվել է իր Գրիգոր որդու հետ միասին 1046 թվականին։ Բագրատունյաց Հայաստանի արքունիքում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է Հայոց իշխանաց իշխան (982-1021), այնուհետև՝ Հայոց սպարապետ (1021-1045)։ Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ հայ-վրացական միացյալ ուժերի պայքարում գլխավորել է հայոց զորքերը։ Պետական ծառայության դիմաց Բագրատունիներից տիրույթներ է ստացել Շիրակում, Արագածոտնում, կառուցել Մարմաշենի գլխավոր եկեղեցին (988-1029 թվականներին) և Ամբերդի եկեղեցին (1026 թվականին)։ Վարել է Բագրատունյաց կենտրոնական իշխանության ամրապնդման և ավատատիրական խռովությունների ճնշման քաղաքականություն։ Հայոց Հովհաննես-Սմբատ թագավորի մահից (1041) հետո մերժել է Վեստ Սարգսի գահակալական հավակնությունները և օժանդակել Գագիկ Բ-ի գահ բարձրանալուն։ Փորձել է խոչընդոտել վերջինիս այցը Կոստանդնուպոլիս՝ հասկանալով, որ բյուզանդական արքունիքը դավադրություն է նյութում Հայոց արքայի դեմ։ Արիստակես Լաստիվերցին հաղորդում է, որ Հայոց բանակը՝ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, Անիի մատույցներում չորս անգամ ետ է մղել այն նվաճել փորձող բյուզանդական բանակը։ Անին Բյուզանդիային անցնելուց (1045) հետո Վահրամ Պահլավունի մասնակցել է կատապան Միքայել Իասիտեսի՝ Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի դեմ կազմակերպած արշավանքին և Գրիգոր որդու հետ զոհվել է մարտի ժամանակ։ Թաղված է Մարմաշենի վանքում, մուտքի ձախ կողմում։ Տապանաքարն ունի արձանագրություն։ «ԱՍՏ ԱՄՓՈՓԻ ՆՇԽԱՐ ՎԱՀՐԱՄ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԻ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ Ի ՑԵՂԷ ՊԱՀԼ[Ա]ՎՈՒՆԻ, ՈՐ ՆԱՀԱՏԱԿԵՑԱՒ Ի ԹՈՒՐ[Ք]ԱՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ Ի ՄԱՐՄԱ[ՇԷ]ՆԻ, ԹՎ[ԻՆ] ՆՂԴ»։

Researcher

 

Share your stories about this location
Add your story